Տոկիոն, Սեուլը և Վաշինգտոնը մտահոգություն են հայտնել Մոսկվայի և Փհենյանի համագործակցության առնչությամբ
Ճապոնիան, ԱՄՆ-ն և Հարավային Կորեան անհանգստացած են Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև համագործակցությամբ և կարծում են, որ այն կարող է «բացասաբար ազդել» Հնդկական և Խաղաղ օվկիանոսների տարածաշրջանում խաղաղության ու կայունության վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Ճապոնիայի արտգործնախարարությունը՝ ամփոփելով երեք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ խորհրդակցությունների արդյունքները։
«Կողմերը կարծիքներ են փոխանակել Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակի, այդ թվում՝ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև վերջերս կայացած գագաթնաժողովի շուրջ։ Ինչ վերաբերում է այդ գագաթնաժողովին, ապա նրանք մտահոգություն են հայտնել, որ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև ապագա համագործակցությունը կարող է կապված լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտման հետ, որոնք լիովին արգելում են զենքի և դրանց հետ կապված նյութերի տեղափոխումը Հյուսիսային Կորեա և հակառակ ուղղությամբ», - գերատեսչության հաղորդագրությունից հատված է մեջբերում ТАСС-ը։
Բացի այդ, ինչպես նշվում է, կողմերը մտահոգություն են հայտնել այն առնչությամբ, որ Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի համագործակցությունը «կարող է բացասաբար ազդել» Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խաղաղության և կայունության վրա»: Կողմերը նաև պայմանավորվել են հետևել Ուկրաինայի շուրջ իրավիճակի զարգացմանը և հաստատել են եռակողմ ձևաչափով սերտ համագործակցությունը շարունակելու իրենց տրամադրվածությունը։