Կանադան Հնդկաստանին կասկածում է իր տարածքում սինգհերի առաջնորդի սպանության մեջ․ Հնդկաստանն արձագանքել է
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Հնդկաստանի կառավարությունը կարող է առնչություն ունենալ սինգհերի անջատողական շարժման առաջնորդ Հարդիփ Սինգհ Նիջարի սպանությանը։ Հնդկաստանը կտրականապես հերքել է այս մեղադրանքները։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։
Սինգհ Նիջարը սպանվել էր Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում հունիսի 18-ին, երբ երկու դիմակավորված անձինք մոտեցել էին նրա մեքենային և կրակել նրա վրա, երբ նա կայանված մեքենայում էր։
Թրյուդոն հայտարարել է, որ Կանադայի հետախուզությունը ստացել է «վստահության արժանի» տվյալներ Նիջարի սպանության և Հնդկաստանի պետության միջև առնչության մասին։ Նա հավելել է, որ սինգհ առաջնորդի մահվան հարցը բարձրացրել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում հանդիպման ժամանակ։
«Օտարերկրյա պետության ցանկացած առնչություն Կանադայի տարածքում Կանադայի քաղաքացու սպանությանը մեր ինքնաիշխանության անթույլատրելի խախտում է», - ասել է Թրյուդոն Կանադայի խորհրդարանի նիստի ժամանակ։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունն այս մեղադրանքներն անվանել է «անհեթեթ» և քաղաքական շարժառիթներով պայմանավորված։
«Մենք ժողովրդավարական պետություն ենք, որը խստորեն հանձնառու է օրենքի գերակայությանը», - նշված է նախարարության հայտարարությունում։
Նախարարությունը հավելել է, որ Կանադան վաղուց ապաստան է տրամադրում «Խալիստանի ահաբեկիչներին և ծայրահեղականներին», որոնք սպառնում են Հնդկաստանի անվտանգությանը։
Սինգհ Նիջարը հայտնի ակտիվիստ էր և Խալիստանի կողմնակից՝ չճանաչված սինգհական պետություն Հնդկաստանի Փենջաբի նահանգի տարածքում։