Որտե՞ղ են Մարիամ եւ Աշոտ Փաշինյանները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 17-ին Երեւանի ավագանու ընտրություններն էին։ ԿԸՀ հաղորդած նախնական տվյալներով՝ որեւէ ուժ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, չի հաղթահարել 50%-ի շեմը, ըստ այդմ՝ միանձնյա չի կարող քաղաքապետ ունենալ։
Իշխող ուժի թեկնածուին՝ Տիգրան Ավինյանին, աջակցում էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը, մասնավորապես, քարոզարշավի եզրափակիչ օրը նրա հետ քայլերթի մասնակցեց ու բեմից բարձրագոչ ելույթներ ունեցավ։ Արդեն սեպտեմբերի 17-ի վաղ առավոտյան կնոջ հետ գնաց իր քաղաքացիական պարտքը կատարելու։
«Ժողովուրդ» օրաթերթի աչքից չվրիպեց, որ «Երրորդ մաս»-ում՝ 8/16 ընտրատեղամասում, Փաշինյանի հետ քվեարկում էր նաեւ Աննա Հակոբյանը, չնայած որ գրանցված է Կենտրոն վարչական շրջանում ու պիտի քվեարկեր Կենտրոնում՝ 9/18 ընտրական տեղամասում։ Ինչ վերաբերում է վարչապետի երեխաներին, ապա Մարիամի քվեարկելու տեղամասը պաշտոնապես 9/18-ն էր, եւ, ըստ պաշտոնական տվյալների, վարչապետի հետ պետք է քվեարկեր որդին՝ Աշոտը, որը գրանցված էր 8/16-ում: Հարց է առաջանում՝ որտե՞ղ քվեարկեցին վարչապետի զավակները։
Մարիամ եւ Աշոտ Փաշինյանները մինչեւ ուշ գիշեր ՔՊ շտաբում էին: Հավելենք նաեւ, որ միեւնույն ժամանակ Մարիամ Փաշինյանը ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում տեղադրել էր լուսանկարներ եւ վիդեոներ, որտեղից պարզ է դառնում, որ Աշոտն ու Մարիամը կիրակի օրը՝ սեպտեմբերի 17-ին, հանգիստ են անցկացրել Հայաստանի գեղատեսիլ վայրերում։ Ընտրական ցուցակների պաշտոնապես հրապարակումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը կտեղեկացնի՝ արդյոք Փաշինյանների ընտանիքից ընտրական իրավունք ունեցող բոլոր անձինք են քվեարկել ու աջակցել «Քաղաքացիական պայմանագրին»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: