Բժիշկը զգուշացրել է գիշերային աշխատանքի վտանգի մասին
Գիշերային աշխատանքը կարող է հանգեցնել մշտական սթրեսի, սրտանոթային հիվանդությունների, հոգեկան խանգարումների, լիբիդոյի նվազման և մի շարք այլ առողջական խնդիրների, «Իզվեստիա»-ին ասել է Invitro-ի ընդհանուր բժիշկ Իվան Ռոմասովը:
«Մարդուն քուն է պետք՝ ուժն ու ուղեղի ակտիվությունը լիովին վերականգնելու համար: Ազգային քնի հիմնադրամը խորհուրդ է տալիս 18- 64 տարեկամներին 7-9 ժամ քնել, իսկ 65 տարեկանից բարձր տարիքի անձանց՝ 7-8 ժամ»,- նշել է Ռոմասովը։
Գիշերը աշխատելու ընդհանուր թերությունը, նրա խոսքով, ցերեկային քունն է: Արևի լույսը, ինչպես ուլտրամանուշակագույն ճառագայթումը, մարդու համար մի տեսակ «զարթուցիչ» է։ Կախված լույսի ինտենսիվությունից՝ աչքի ցանցաթաղանթի վրա գտնվող ֆոտոընկալիչները ուղեղին ազդանշաններ են ուղարկում, որ արթնանալու ժամանակն է։ Սկսվում են տարբեր հորմոնների և նյութերի արտադրության գործընթացները, որոնք պահպանում են արթնությունը։ Բայց ամբողջ գիշեր աշխատելուց հետո մարդը ուժ չի ունենում, ինչի պատճառով էլ «կոտրում» է բիոռիթմերը։
Բժիշկը նշել է, որ ամենից հաճախ տուժում է կորտիզոլի, ինսուլինի, լեպտինի, մելատոնինի և սերոտոնինի արտադրությունը։
«Սա կարող է հանգեցնել մշտական սթրեսի, ավելորդ ուտելու, սրտանոթային հիվանդությունների, անքնության, հոգեկան խանգարումների և լիբիդոյի նվազման: Հնարավոր է նաև «հերթափոխային աշխատանքի» համախտանիշի զարգացում՝ վատ տրամադրություն, ցածր կատարողականություն, 2-րդ տիպի շաքարախտի և այլ հիվանդությունների բարձր ռիսկ»,- զգուշացրել է բժիշկը։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, «գիշերային բվերի» համար այս իրավիճակում ավելի հեշտ է. ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նման մարդկանց մոտ օրվա ընթացքում կենսաբանական ժամացույցը և կենսաքիմիական գործընթացները մյուսների համեմատ «ուշանում են»։ Սա թույլ է տալիս նրանց ավելի լավ հանդուրժել նման գրաֆիկները:
«Մարդիկ, ովքեր աշխատում են շուրջօրյա (անկանոն գրաֆիկով) ամբողջությամբ ոչնչացնում են իրենց մարմինը։ Դրան նպաստում են անկանոն սնունդը, քնի երկարատև բացակայությունը և հաճախ առօրյա աշխատանքից առաջացած սթրեսը: Գալով տուն՝ նման մարդիկ ամենից հաճախ չեն կարողանում քնել ցերեկը և սպասում են մինչև գիշեր` հասցնելով քնի ցիկլը շատ վատ մակարդակի»,- ընդգծել է մասնագետը։
Նա խորհուրդ է տվել այն մարդկանց, ովքեր ստիպված են գիշերն աշխատել, նորմալացնել քունը, փոխանցում է Shantnews-ը։