Այս որոշումը սուբյեկտայնության պահպանման հարցում ոչ մի զիջում չի նախատեսում. Արցախի նախագահը՝ բեռների փոխադրման մասին
Արցախի Հանրապետության Նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն, որտեղ կառավարության կազմին և դատական համակարգի պատասխանատուներին է ներկայացրել նորանշանակ պետական նախարար Արթուր Հարությունյանին:
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ որոշումը կայացնելիս հաշվի է առել Արթուր Հարությունյանի բարձր պրոֆեսիոնալիզմը, գիտելիքներն ու պետական համակարգում նրա փորձը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նա հանդիսանում էր մեր խորհրդարանի ամենամեծ խմբակցության ղեկավարը, և պետության առջև ծառացած խնդիրների լուծման գործում պետք է ստանձնի պատասխանատվության իր չափաբաժինը:
Ամենօրյա աշխատանքում կառավարության անդամներից ակնկալելով խիստ կարգապահություն՝ նախագահ Շահրամանյանը հայտարարել է, որ պետական ինստիտուտների պահպանումը բոլորի գերխնդիրն է, և պետք է անզիջում պայքար տանել պետության հիմքերը խարխլողների դեմ:
Անդրադառնալով Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով բեռների տեղափոխման գործընթացին՝ նախագահ Սամվել Շահրամանյանը նշել է, որ խորացող հումանիտար ճգնաժամը վերածվում է աղետի, իսկ բնակչության կյանքն ու առողջությունն Արցախի իշխանությունների համար բարձր արժեք են. «Այս որոշումը մեր սուբյեկտայնության պահպանման հարցում ոչ մի զիջում չի նախատեսում»,-հավելել է հանրապետության ղեկավարը: