Հանրային ՀԸ-ի տրամադրած միջոցներով հիմնանորոգվել ու կահավորվել է Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի գրադարանը
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գեղարքունիք գյուղի աշակերտներն այսուհետ կօգտվեն հիմնանորոգված ու կահավորված գրադարանից։
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից՝ գրադարանի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Գավառի համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Հակոբյանը, մանկավարժները և աշակերտները, ծնողներ։
Միջոցառման պատվավոր հյուրն էր հոլանդացի հայագետ Աննա Մարիան, որը համագործակցում է Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի մանկավարժների ու գրադարանի պատասխանատուների հետ։
Գրադարանը հիմնանորոգվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից տրամադրված 4 միլիոն 850 հազար դրամի հաշվին, ինչի արդյունքում նորացվել ու կահավորվել են ընթերցասրահը, գրադարանը և գրապահոցը։ Ոչ միայն գրադարանում այս պահին առկա 4735 կտոր գրականության պահպանությունն է դարձել հուսալի, այլ նաև տեղում գրքեր ընթերցելու լավագույն պայմաններ են ստեղծվել։
Շնորհավորելով ու ողջունելով մանկավարժներին ու դպրոցականներին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իրենց ելույթներում հավաստիացրին, որ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում պետական միջոցներով առաջիկա տարիներին քայլ առ քայլ լուծում կստանան բոլոր այն հիմնախնդիրները, որոնք կուտակվել են տասնամյակների ընթացքում ու պահանջում են հրատապ կարգավորումներ։
Հյուրերին գեղարվեստական կատարումներով ողջունեցին Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի աշակերտները։ Այնուհետև պատվավոր հյուրերն այց կատարեցին Գեղարքունիքի դպրոցում վերջերս ստեղծված ինտենսիվ այգի և ջերմոց, դպրոցական «1+1» թերթի խմբագրություն, «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, մարզադահլիճ, ճաշարան՝ ծանոթանալով դպրոցի վերջին տարիների ձեռքբերումներին ու հրատապ անելիքներին։
«Միանգամայն նկատելի են դպրոցում ներդրված արդյունավետ նախաձեռնություններն ու իրականացված աշխատանքները։ Ուրախալի է նաև այն հանգամանքը, որ նոր ուսումնական տարին դպրոցը դիմավորում է արդիականացված գրադարանի բացմամբ, որին կհաջորդեն դպրոցաշինական ավելի մեծածավալ ծրագրերը։ Կարևորն այն է, որ այստեղ նկատվում են բավարար ջանք ու եռանդ, աշխատասիրություն ու հավատ ապագայի նկատմամբ»,- նշել են Ժաննա Անդրեասյանն ու Կարեն Սարգսյանը։
Գրադարանի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոսից ու ավարտին հասցվել սեպտեմբերի առաջին տասնօրյակում։