Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 787 զանգ, որից 4-ը՝ տեխնածին, 17-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են:
Այդ մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից՝ մանրամասնելով, որ մեկ շաբաթվա ընթացքում, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խմբերը կատարել են փակված 11 դռան և 4 վերելակի բացում: Փրկարարների օգնությամբ 2 քաղաքացի տեղափոխվել է բուժհաստատություն:
Նշված ժամանակահատվածում, ճգնաժամային կառավարման կենտրոնում հրդեհի վերաբերյալ գրանցվել է 1 կանչ: Հրշեջ-փրկարարների օպերատիվ արձագանքման և արհեստավարժ գործողությունների շնորհիվ, լիկվիդացվել է բնակելի երկհարկանի առանձնատան առաջին հարկում բռնկված հրդեհը:
Յոթ օրվա ընթացքում, ԱԻՊԾ սակրավորները կատարել են 1 ելք: Հայտնաբերվել է 52 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք:
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում, ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն, վերահսկում օպերատիվ իրավիճակը, պահպանելով ներքին կայունությունն ու անվտանգությունը։