Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակումը Լավրովի նախաձեռնությունն է. Զախարովա
Ռուսական կողմը շարունակում է նպաստել Լեռնային Ղարաբաղում ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի հանգուցալուծմանը` հումանիտար բեռնափոխադրումների համար Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնության հիման վրա։ Այս մասին ասվում է ԼՂ բնակչությանն ուղարկված մարդասիրական օգնության վերաբերյալ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
«Սեպտեմբերի 18-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ջանքերով՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և ՌԴ ԱԳՆ-ի մասնակցությամբ, երկու ուղղություններից միաժամանակ պարենամթերքի և դեղորայքի խմբաքանակներ են առաքվել տարածաշրջան։ Ակնկալում ենք անարգել և կանոնավոր մարդասիրական մատակարարումների շարունակություն՝ ելնելով տեղի բնակչության շահերից»,- նշել է Զախարովան։
«Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրադրության աստիճանական բարելավումը պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեկնարկին և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Լիովին շահագրգռված ենք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման հարցում»,- ասել է նա։