Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին հանդիպել է 2020 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանից տեղահանված բնակչության մի խումբ ներկայացուցիչների հետ՝ շրջանի վարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանի և Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի գլխավորությամբ:
Արցախի նախագահի աաշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են Արցախի շրջափակման հետևանքով տեղահանված բնակչության մոտ ստեղծված սոցիալական խնդիրները: Նախագահ Սամվել Շահրամանյանը նշել է, որ կառավարությունը կշարունակի շրջափակման հետևանքների մեղմանն ուղղված աջակցության ծրագրերը՝ ուշադրության կենտրոնում պահելով խոցելի խմբերին:
Հանդիպման մասնակիցներին երկրի ղեկավարը ներկայացրել է հանրապետությունում ստեղծված հումանիտար աղետն ու անվտանգային մարտահրավերները, ինչպես նաև դրանց ուղղությամբ կառավարության կողմից կատարվող քայլերը:
Ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 15-ին մի խումբ քաղաքացիներ հավաք էին անցկացրել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում` հայտնելու իրենց խիստ մտահոգությունը Արցախում ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակի վերաբերյալ: Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը նշել էր, որ յուրաքանչյուր արցախցի այսօր փորձում է հաղթահարել դժվարին փորձություններ, բայց տեղահանվածների վիճակն այս պահին անհամեմատ ավելի ծանր է։