Չինաստանի արտաքին գործերի նախարարը քառօրյա այցով կժամանի Ռուսաստան
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին քառօրյա այցով կժամանի Ռուսաստան։ Ինչպես տեղեկացրել է Չինաստանի ԱԳՆ-ն, այցի շրջանակում տեղի կունենան բանակցություններ անվտանգության հարցերի վերաբերյալ։
Նշվել է, որ Վան Ին Ռուսաստան կժամանի ռազմավարական անվտանգության վերաբերյալ չին-ռուսական խորհրդատվությունների 18-րդ փուլի անցկացման համար, այցը տեղի կունենա սեպտեմբերի 18-21-ը Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հրավերով։
Մինչ այդ ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Վան Ին կհանդիպի իր գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, եւ նրանք նախատեսում են «կենտրոնանալ միջազգային ասպարեզում համագործակցության ամրապնդման ջանքերի վրա»։ Տեղի կունենա կարծիքների հանգամանալից փոխանակում Ուկրաինայում կարգավորման հարցերի, ինչպես նաեւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման ուղիների հետ կապված։