«Որևէ մեկին պարտադրողաբար չի ասվել գնա ինձ ընտրի»․ Ավինյան
«Տրամադրությունը շատ լավ է և մեծ հույսերով, որ երևանցիներն իրապես իրենց խոսքն ասել են այս ընտրություններին և իրենց վստահության քվեն տվել են մեզ», - հայտարարել է ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով այս ընտրություններից ակնկալիքների մասին։
Անդրադառնալով ընտրությունների պասիվությանը Տիգրան Ավինյանն ասել է, որ երևանյան ընտրությունների իրական պատկերը հենց այդպես պետք է լիներ։ Ըստ նրա, այս ընտրությունների արդյունքները պետք չէ համեմատել ոչ 2017 թվականի հետ, որի ժամանակ ահռելի վարչական ռեսուրս էր կիրառվում, ոչ էլ 2018 թվականի հետ, որտեղ կար հեղափոխության մեծ ոգևորությունը. «Կարծում են բնականոն, նորմալ ընտրություններ են եղել, որոնք կարծում եմ հետագայում էլ մեր քաղաքային ընտրությունների մակարդակն այսպիսին է լինելու»։
Տիգրան Ավինյանը բացառել է վարչական ռեսուրսի կիրառման հավանականությունը. «Որևէ մեկին պարտադրողաբար չի ասվել գնա ինձ ընտրի։ Միայն Երևան քաղաքում վարչական ռեսուրս կիրառելու դեպքում, եթե պետական ապարատը միացնեինք, կառավարությանը ենթակա բոլոր մարմինները, կոմիտեները, քաղաքապետարանը, ձեզ վստահեցնում եմ՝ կունենայինք մոտավորապես 40% մասնակցություն»։