Երևանի ավագանու ընտրություններին ստացվել է 3 ահազանգ հանցագործությունների մասին
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից գրանցվել են 30 հաղորդում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԿԸՀ-ում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ներքին գործերի նախարարության ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը։
«Նշված հաղորդումներից երեքը վերաբերվել են հանցագործություններին։ Դրանք սահմանված կարգով ուղարկվել են նախաքննության մարմին քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Դրանցից երկուսը՝ մեկից ավելի անգամ այլ անձի փոխարեն քվեարկելու, իսկ մեկը հեղինակային և կից իրավունքների խախտման դեպքերի մասին են»,- ասաց Մկրտչյանը։
Ոստիկանության շտաբի պետի խոսքով՝ մնացած 27 հանցագործության հատկանիշներ չպարունակող, սակայն ստուգման ենթակա այդ տեղեկությունները իրենց բնույթով մեծամասամբ վերաբերել են բնակարանում այլ անձանց հաշվարկված լինելուն, ընտրական ցուցակում ներառված չլինելուն, ընտրացուցակում մահացած անձի առկայությունը և այլն։
«Ստուգման ենթակա նշված 27 հաղորդումներով կատարվում են ստուգումներ և արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ։
Նշեմ նաև, որ ստեղծված օպերատիվ շտաբի կողմից շարունակվելու են տեղեկատվական վերլուծության աշխատանքները նաև հետընտրական ժամանակահատվածում և արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- եզրափակեց Մկրտչյանը։