Ադրբեջանական ծագման ապրանքների մուտքը բացառում եմ․ Մետաքսե Հակոբյան
Արցախի իշխանությունները որոշել են ընդունել Կարմիր Խաչի և ռուս խաղաղապահների համատեղ առաջարկը, այն է` Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի և Բերձորի միջանցքի համաժամանակյա օգտագործման առաջարկը։
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ Արցախի նորընտիր նախագահն ու իշխանությունները տևական ժամանակ աշխատանք են տանում՝ հացի խնդիրը լուծելու համար։ Երկու օր է, ինչ Արցախում հացի արտադրամասերը չեն աշխատում և իրավիճակը բավականին լուրջ է։ Ադրբեջանական կողմի նպատակը՝ Բերձորի միջանցքը Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին հավասարեցնելն էր, իսկ Արցախի իշխանությունների նպատակը հենց այդ միտումը չեզոքացնելն էր։
«Նախնական պայմանավորվածությամբ ռուսական բեռնատարի մտնելուց 12 ժամ հետո Քաշաթաղի միջանցքը գոնե մինչև հունիսի 15-ի ձևաչափով պիտի բացվեր, սակայն նախնական պայմանավորվածությունը հակառակ կողմը չպահեց և մենք իրականում շարունակեցինք մնալ քաոսային վիճակում։ Հետևաբար իշխանությունները պիտի կարողանային միջանկյալ ինչ-որ լուծում գտնել այդ իրավիճակից, գոնե ժողովրդին մինիմալ սնունդը, չոր հացը կարողանալ ապահովել՝ դա իշխանությունների պարտավորությունն է, ինչի շուրջ նրանք օրեր շարունակ ռուս խաղաղապահների հետ աշխատանքներ էին տանում»,-ասաց Հակոբյանը։
Հարցին, արդյոք Արցախի նախագահը խորհրդակցե՞լ է Ազգային Ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ օրեր առաջ հանդիպում են ունեցել, իրենց կարծիքն են արտահայտել, սակայն որոշում կայացնողը եղել է Արցախի նախագահը։
«Որոշում ընդունելու լիազորությունը միանշանակ նախագահինն է՝ իշխանություններին է։ Իրենք փաստացի լսելով տարբեր կարծիքներ, մոտեցումներ, ի վերջո, սեփական որոշումն են կայացրել։ Դա որպես երևույթ, բնականաբար, դրական եմ գնահատում։ Նաև իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, պիտի որոշում գտնվեր, բայց դա պիտի առիթ լինի, որպեսզի հնարավորություն ստեղծվի կողմերին, ներկայացուցիչներին` թե ադրբեջանական, թե արցախյան, ի վերջո, միջնորդավորված հանդիպում տեղի ունենա, որտեղ նախնական կարողանան գոնե իրար լսել ու փաստաթղթեր փոխանցել` առաջարկների ու պահանջների վերաբերյալ»,-ասաց Հակոբյանը։
Արցախցի պատգամավորը նշեց, որ իրենց քաղաքական թիմը մնում է իրենց կարծիքին, թե ինչպիսին պիտի լինի այդ ձևաչափը և իրենց մոտեցումներում բան չի փոխվել և որպեսզի գործընթացն արդյունավետ լինի, որպեսզի հետագայում կարողանանք փաստաթուղթ ընդունել կամ հիմքեր ունենան՝ դա պիտի լինի միջազգային մեխանիզմ և իրենք միջազգային մեխանիզմի իրենց ձևաչափն են ներկայացրել, այն է` աշխատանքային խմբեր ստեղծվեն Ռուսաստանի, Հայաստանի, Արդբեջանի ներկայացուցիչներից՝ նոյեմբերի 9-ի հայտարարության ձևաչափով։
«Այն պետությունները, մասնավորապես` Ռուսաստանը, Հայաստանը, որոնք երաշխավորություն ունեն և իրավունք ունեն նաև որևէ գործընթաց իրականացնել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված և նաև ստեղծվի մեկ աշխատանքային խումբ` Արցախի ներկայացուցիչներից և այդպես 3+1 ներկայացուցչական խմբերով հանդիպում տեղի ունենա։ Թե դա կլինի հանդիպում, բանակցություն՝ դա արդեն էական չէ, բայց դա արդեն կլինի միջազգային մեխանիզմով երաշխավորված հանդիպում, որը և հնարավորություն կընձեռնի միջանկյալ մեխանիզմների ներդրում իրականացնել այս իրավիճակում»,-ասաց Հակոբյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։