Մարությանը վստահ է, որ հաղթելու է քաղաքապետի ընտրություններում
«Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն, ավագանու ընտրություններին կատարելով իր քաղաքացիական պարտքն, ընտրել է, իր խոսքով՝ հանուն հույսի վերադարձի:
«Ինչպես ասել եմ՝ այս իշխանությունները գողացել են մեր հույսը, և ես այսօր քվեարկել եմ հանուն նրա, որ կարողանանք հետ բերել մեր ժողովրդին այդ հույսը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր ընտրատեղամասից դուրս գալուց հետ լրագրողների հետ հանդիպման ընթացքում նկատեց Մարությանը:
Հարցին, թե արդյոք ընտրություններից հետո պատրաստ է կոալիցիա կազմել այլ ուժերի հետ, և պատրաստ է որպես ոչ թե քաղաքապետ, այլ՝ ավագանու անդամ ոտք դնել Երևանի քաղաքապետարանի շենք, Հայկ Մարությանը շեշտեց.
«Քանի որ վստահություն ունենք, որ մենք հավաքելու ենք 50 տոկոսից ավելի ձայն, այս պահի դրությամբ որևէ քննարկում այդ հարցերի շուրջ չենք ունեցել: Մի քանի ժամ է մնացել, թող արդյունքները լինեն, հետո քննարկումները կսկսենք: Ինչպես միշտ, այսօր ևս՝ մեր հաղթանակի հավանականությունը բարձր եմ գնահատում»:
Այնուամենայնիվ, նկատառմանը՝ պարտվելու դեպքում կմնա՞ քաղաքականության մեջ, թե՞ կհեռանա դաշտից, ասաց.
«Ես այս ընտրություններով չեմ սկսել քաղաքականության մեջ լինելը, ոչ էլ սրանով ավարտելու եմ»:
Մարությանը նկատեց՝ քաղաքային իշխանությունների ընտրությունների ժամանակ միշտ էլ պասիվություն եղել է, բայց բնակչության մոտ կա նաև ապատիա.
«Արտաքին և ներքին ընդհանուր քաղաքական վիճակը մարդկանց վրա, բնականաբար, ազդում է: Ցավում եմ, որ ընտրողների մասնակցությունն այս պահի դրությամբ փոքր է: Սակայն, մինչև ժամը 20:00-ն ժամանակ ունենք, երևանցիներին հորդորում եմ անպայման մասնակցել ընտրություններին, որովհետև սա մեր քաղաքի ապագան է»: