Երևանի քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը քվեարկել է հանուն համաչափ զարգացած քաղաքի
Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության շրջանակներում իր քաղաքացիական պարտքը կատարեց «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա քվեարկության էր եկել կնոջ, դուստրերի, որդու, ծնողների, քրոջ և քրոջ դուստրերի հետ:
Լրագրողների հետ զրույցում Մնացականյանն ասաց՝ քվեարկում են, որ Երևանը դառնա մարդկանց մոտ և համաչափ զարգացած քաղաք:
«Երևանը ոչ միայն կենտրոնի պուրակներով, այգիներով, հասարակական այլ տարածքներով, ավազաններով, մշակութային օջախներով, ժամանցի վայրերով, այլև ամբողջ Երևանը պետք է լինի համաչափ զարգացած, որ տրանսպորտային ռեֆորմը միայն ավտոբուս բերելը չլինի: Տրանսպորտային ռեֆորմ անելու համար պետք է հասկանալ խորքային խնդիրները»,-նշեց քաղաքապետի թեկնածուն:
Նրա ասելով՝ համաչափ զարգացումն այն է, որ բոլոր համայնքների բնակիչները կարողանան օգտվել Երևանի բոլոր բարիքներից:
Նա նշեց՝ եթե անգամ չզբաղեցնի Երևանի քաղաքապետի պաշտոնը, իրեն տեսնում է Երևանի ավագանու աշխատանքներում:
Մնացականյանը հիշեցրեց, որ եղել է Երևանի ավագանու անդամ, ապա նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար: «Ուսումնասիրել եմ քաղաքային պլանավորումը, ուրբանիստիկան, որ գա այս օրը, երբ ես և իմ ընկերները՝ մեր կուսակցության ավագանու անդամների մյուս թեկնածուները, վերածնենք Երևանն ու բերենք էմոցիոնալ համերաշխությունը, որովհետև Երևանը երջանիկ, ուրախ քաղաք է, ինչը հիմա չի նկատվում»,-ընդգծեց Վիկտոր Մնացականյանը: