Արյան վրա խրախճանք ես անում՝ մտածելով, որ դա քեզ չի վերաբերում․ Բագրատ Սրբազան
Հատված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի քարոզից` Գոշավանքում․
«Եփփաթա, բացվի՛ր․ բա՛ց ականջդ, բա՛ց աչքերդ, բա՛ց լեզուդ, բա՛ց սիրտդ, բա՛ց հոգիդ, ինքդ քեզ գնահատի՛ր, հայ մարդ, և գնահատիր այն իրավիճակը, որում դու ապրում ես, որը հենց դու ես քո ձեռքով ստեղծել, և մեղքը մի դիր ուրիշների վրա։ Քո մեղքն ընդունիր զղջումով, ապաշխարությամբ, մի դարձրու որպես վարագույր՝ ուրիշների վրա դնելով քո չարածը, քո գործածն ուրիշների անունով մի՛ վերջացրու, դո՛ւ ես մեղավոր, դո՛ւ, հենց դո՛ւ ես մեղավոր։
Այդ դու ես կույրը և խուլը, հենց դու ես աչքերդ փակել, հոգիդ փակել, սիրտդ փակել, զգայարաններդ փակել և դու էլ կարող ես այդ բոլորը լուծել՝ բացված սրտով Աստծո առջև, քո ժառանգության առջև, քո Հայրենիքի առջև, քո՝ սովահարության մատնված քույրերի ու եղբայրների առջև, այդ երեխաների առջև, որոնք գիշեր-ցերեկ հերթերի մեջ են ապրում, քո Արցախի առջև, որի համար հազարավոր կյանքեր ես զոհել, բայց որոնց արյունի վրա նաև խրախճանք ես անում՝ մտածելով, որ դա քեզ չի վերաբերում։
Բա՛ց, բա՛ց, եփփաթա, բացվի՛ր Աստծո առջև, քեզ չափի՛ր այդ բացվածության մեջ, Իր հետ տրտմի՛ր, որպեսզի նաև Իր հետ ուրախությունը գտնես։ Իր հետ տրտմելն այլ կերպով չի լինում, քան հոգածությամբ, սիրով, խնամքով, պատկանելությամբ։
Տերն ասում է՝ հիվանդ էի և ինձ այցելեցիք, բժշկեցիք, անոթի էի՝ հաց տվեցիք, բանտում էի՝ ինձ այցելեցիք ու մխիթարեցիք։ Այսպես է մեր կյանքը, որտեղ դրսից պայքար է, ներսից՝ արհավիրք, և այն ավելի կմեծանա, ինչպես ասում է մեզ առաքյալը, եթե զգջումի և ապաշխարության ճանապարհով մենք չանցնենք»։
Տեսանյութը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմից։