Արցախի թեմի առաջնորդը հանդիպել է բարոնուհի Քերոլայն Քոքսի և մարդասիրական ու իրավապաշտպան կազմակերպությունների անդամների հետ
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպել է բարոնուհի Քերոլայն Քոքսի, Միջազգային Քրիստոնեական համերաշխություն (CSI) քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպության և Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության (HART-Humanitarian Aid Relief Trust) անդամներին։
Այս մասին հայտնել են Արցախի թեմից՝ հավելելով, որ թեմակալ առաջնորդն իր օրհնանքի և երախտիքի խոսքն է փոխանցել Արցախի ժողովրդի հավատարիմ բարեկամ Բարոնուհի Քերոլայն Քոքսին և բոլոր ներկաներին՝ Արցախի հարցով մտահոգված լինելու համար: Հյուրերը հետաքրքրվել են Արցախի օկուպացված պատմամշակութային հուշարձանների ճակատագրով, Հայ Առաքելական եկեղեցիների պղծումով և Ադրբեջանի կողմից եկեղեցիների աղվանացման քաղաքականությամբ:
Քննարկվել են նաև Արցախի թեմի հետ հետագա համագործակցության և հումանիտար աջակցության ծրագրերի գործադրմանն ուղղված հարցեր:
Հանդիպմանը ներկա էր նաև Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանը: