«Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ
Երեկ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ Արթուր Խաչատրյանը ու Արմենուհի Կյուրեղյանը հանդիպել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունիի հետ։
Ողջունելով հյուրերին Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց ԿԽՄԿ ներկայացուցիչներին խմբակցության նամակին արագ և պատշաճ արձագանքելու, հանդիպում նախաձեռնելու, ինչպես նաև Հայաստանում իրականացրած գործունեության համար։ Թիերի Ռիբոն, իր հերթին, շնորհակալություն հայտնեց Կարմիր Խաչի գործունեությունը բարձր գնահատելու համար։
Հանդիպման մասնակիցները քննարկեցին ԿԽՄԿ-ի աշխատանքը արդիական մարդասիրական խնդիրների շուրջ՝ մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ անձանց, Լաչինի միջանցքով տեղաշարժի, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության հետևանքով 1990-ականներից և 2020 թ․-ից անհայտ կորածների ճակատագրերի պարզաբանմանն առնչվող հարցերին։