Փառատոն՝ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշի նորովի արժևորմանն ու պահպանությանը
Սեպտեմբերի 23-ին Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Արևիկ բնակավայրում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արդինի» կրթամշակութային և տուրիզմի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ առաջին անգամ կանցկացվի «Լավաշի կախարդանքը» խորագրով փառատոն:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այն նվիրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին և ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական լավաշ հացի նորովի արժևորմանը, պահպանությանն ու գնահատմանը:
Փառատոնի ընթացքում տեղաբնակ հացթուխները կներկայացնեն հացապատրաստման գործընթացները, տեղի կունենան լավաշի և գյուղական բարիքների ցուցադրություն, վարպետության դասեր, խաղեր, թատերական ներկայացում, մանկական շոու ծրագիր, համերգ՝ դուդուկահարների մասնակցությամբ:
Արևիկ համայնքը խորհրդային տարիներին հայտնի է եղել իր հմուտ հացթուխներով և լավաշի թխման ավանդույթներով, որոնք վերջին տարիներին աստիճանաբար մոռացվում են: Գյուղը, օտարները մեծարելով, կոչում էին Լավաշգրադ, այսինքն՝ լավաշի մայրաքաղաք:
Փառատոնի անցկացման հիմնական նպատակն է վերականգնել երբեմնի ավանդույթների ու լավաշի թխման ավանդական եղանակները, ինչպես նաև մարզում բացահայտել գաստրոտուրիզմի նոր ուղղությունը, աշխուժացնել գյուղական կյանքը, ներդնել բիզնես ծրագրեր: