Ավստրիայի նախկին ԱԳ նախարարը տեղափոխվել է ՌԴ. նրա պոնիները տեղափոխվել են ռուսական ռազմական ինքնաթիռով. The Guardian
Ավստրիայի նախկին արտգործնախարար Կարին Քնայսլը, որը 2018 թվականին ուշադրության կենտրոնում էր հայտնվել իր հարսանիքին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պարելու պատճառով, տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ. ընդ որում, նախկին նախարարն իր հետ է վերցրել նաև իր պոնիներին, որոնք տեղափոխվել են ռուսական ռազմական ինքնաթիռով:
Tert.am-ի փոխանցմամբ այս մասին գրում է The Guardian-ը՝ հիշեցնելով, որ 2018 թվականին իրեն չեզոք դրսևորող Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Քնայսլին ակտիվ քննադատել են Պուտինին հարսանիքին հրավիրելու և նրա հետ պարելու համար: 58-ամյա դիվանագետը հաջորդ տարի լքեց կառավարությունը։ Դրանից հետո Քնայսլը տեղափոխվել է Ֆրանսիա, ապա դրաձել Russia Today-ի սյունակագիր:
Իր թելեգրամյան գրառման մեջ նախկին ԱԳ նախարարը զարմանք է հայտնել, որ իր տեղափոխությունը Ռուսաստան «քաղաքականացվել է»: Նա մանրամասնել է, որ 2022 թվականի հունիսին Ֆրանսիայից «արտաքսվելուց» հետո իր «գրքերը, հագուստներն ու պոնիները Մարսելից Բեյրութ է տեղափոխել»։
Նշվում է, որ անցյալ շաբաթ Քնայսլի երկու պոնիները ռազմական ինքնաթիռով ուղարկվել են Սանկտ Պետերբուրգ՝ Սիրիայի Հմեյմիմ ռուսական ավիաբազայից:
Հայտնի է, որ Քնայլսը պատրաստվում է ՌԴ-ում ուղեղային կենտրոն ստեղծել: