Պետք է միջավայր ստեղծվի, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարողանա Հայաստանին խաղաղություն բերել․ Սաջադ Կարիմ
Եվրոպական խորհրդարանի բրիտանացի նախկին պատգամավոր Սաջադ Կարիմը կարծիք է հայտնել, որ միջավայր պետք է ստեղծվի, որպեսզի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարողանա Հայաստանը խաղաղ հանգրվանի հասցնել։
Նրա խոսքով՝ այդ հարցում դերակատարում կարող են ունենալ ինչպես ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունն ու Եվրոպական Միությունը, այնպես էլ Ադրբեջանի նախագահի դաշնակից երկրների ղեկավարներն ու պաշտոնյաները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եվրոպական խորհրդարանի նախկին պատգամավորն այս մասին գրել է X-ի իր էջում՝ կիսվելով Հայաստանի վարչապետի՝ Politico-ին տված հարցազրույցով։
«Միջավայր պետք է ստեղծվի, որը թույլ կտա վարչապետ Նիկոլ Փաշինյանին խաղաղություն բերել Հայաստանին։ ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունը, Եվրոպական Միությունը այս հարցում դերակատարում ունեն։ Սակայն նաև Ադրբեջանի նախագահի դաշնակից և այլ բարեկամ երկրները կարող են օգնել այդ միջավայրը ստեղծելու հարցում, որպեսզի հայերը գլոբալ առումով տեսնեն խաղաղության օգուտները իրենց ազգի համար»,- գրել է նա։
Սաջադ Կարիմը հավելել է, որ Թուրքիան քննարկումների մաս է, իսկ դերակատարում ունենալու ներուժ ունի նաև Պակիստանը։ Կարիմը իր գրառման մեջ նշել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։