Լիբանանում փախստականների ճամբարում բախումների ժամանակ 15 մարդ է զոհվել
Սեպտեմբերի 13-ի երեկոյան Լիբանանի Այն էլ Հելվա փախստականների ճամբարում պաղեստինյան «ՖԱԹՀ» կուսակցության մարտական թևի և պաղեստինյան ավազակային կազմավորումների միջև վերսկսված զինված բախումների զոհ է դարձել 15 մարդ, ևս 150-ը վիրավորել է։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից, այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային NNA գործակալությունը։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 11-ին, Այն էլ Հելվա ճամբարում պաղեստինյան զինված կազմավորումների միջև հերթական բախումների հետևանքով զոհվել էր 6 մարդ, ավելի քան 80-ը՝ վիրավորվել։
«Արդեն ամենաթեժ համարվող մարտերը նոր ուժգնությամբ բռնկվել են (սեպտեմբերի 14-ի) առավոտյան բոլոր ուղղություններով։ Վերջին տվյալներով՝ բախումների սկզբից ի վեր զոհվել է 15, վիրավորվել՝ 150 մարդ», - գրում է գործակալությունը։
Անցյալ շաբաթ, սեպտեմբերի 7-ին, Այն Էլ Հելվայում բախումներ էին տեղի ունեցել «ՖԱԹՀ»-ի և զինված խմբավորումների միջև, որոնց ընթացքում ինքնաձիգներից հրաձգություն էր իրականացվել, արկեր էին արձակվել։ Լիբանանում «ՖԱԹՀ»-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ հրաձգությունը ճամբարում սկսել են իսլամիստական խմբավորումները: Հուլիսի վերջին Այն Էլ Հելվայում կատաղի բախումներ էին սկսվել «ՖԱԹՀ»-ի և իսլամիստական խմբավորումների միջև, որոնք տևել էին մի քանի օր։ Դրանք սկսվել են «ՖԱԹՀ»-ի հրամանատարներից մեկի՝ Աշրաֆ ալ-Արմուշիի սպանությունից հետո։
Սեպտեմբերի 13-ին պաղեստինյան «ՖԱԹՀ» և «Համաս» շարժումների մամուլի ծառայությունները համատեղ հաղորդագրության մեջ հայտարարել են, որ ընդհանուր համաձայնություն է ձեռք բերվել փախստականների ճամբարում հրադադարի և ալ-Արմուշիի սպանության հետ կապված բոլոր անձանց լիբանանյան իրավապահ մարմիններին փոխանցելու շուրջ: Սակայն մարտերը վերսկսվել են նոր թափով՝ հայտարարությունից մի քանի ժամ անց։