Արարատ Միրզոյանին խորհրդարանում շատ սառն են ընդունել. որն է պատճառը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ հայրենի գործադիրը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, եկել էր խորհրդարան՝ պատգամավորների հարցերին պատասխանելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները Փաշինյանին ու բոլոր նախարարներին, բացի արտգործնախարար Արարատ Միրզոյանից, շատ ջերմ ընդունել են, հատուկ դիմավորել են նրանց, մինչեւ նիստի սկսելը առանձին զրույցներ ունեցել նախարարների հետ: Միրզոյանը, սակայն, ԱԺ եկել է նիստը սկսվելուց քիչ առաջ ու ավարտվելուն պես հեռացել:
ՔՊ-ականները առանձնապես չեն էլ շփվել նրա հետ, անգամ թիմում նրա մտերիմներն այլեւս առաջվա ջերմությամբ չեն շփվում նրա հետ: Արարատ Միրզոյանն էլ իր հերթին շատ սառն է եղել թիմակիցների հետ, չի շփվել նրանց հետ։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 44-օրյա պատերազմից հետո, մասնավորապես՝ նոյեմբերի 9-ի ուշ գիշերը՝ կառավարության շենքում տեղի ունեցած ծեծից հետո, Արարատ Միրզոյանի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները ծայրահեղ լարվել են՝ չնայած նրան, որ մինչ այդ Միրզոյանը Փաշինյանի համար եղել է ամենավստահելի մարդը ՔՊ-ում:
Հավանաբար, ՔՊ-ականներն էլ, ինչպես բոլոր հարցերում, որոշել են հետեւել Նիկոլ Փաշինյանի օրինակին, ու անգամ Միրզոյանի նախկին մտերիմներն են «ուրացել» ընկերությունը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: