Ուֆոլոգը Մեքսիկայի խորհրդարանում ցուցադրել է անատամ «այլմոլորակայինների» մումիաներ
Մեքսիկացի լրագրող և ուֆոլոգ Հայմե Մաուսանը Մեքսիկայի Կոնգրեսին ցույց է տվել ենթադրաբար ոչ երկրային ծագման փոքրիկ մումիֆիկացված արարածներ: Այս մասին չորեքշաբթի՝ սեպտեմբերի 13-ին, հայտնել է El País-ը։
«Այս նմուշները մեր երկրային էվոլյուցիայի մաս չեն կազմում: Սրանք այն արարածները չեն, որոնք հայտնաբերվել են ՉԹՕ-ի կործանումից հետո։ Դրանք հայտնաբերվել են դիատոմներով և հետագայում վերածվել բրածոների»,- պատմել է տղամարդը:
Մաուսանը բացատրել է, որ հազար տարվա վաղեմություն ունեցող այս մումիաների մնացորդները հայտնաբերվել են պերուական Նասկա քաղաքում պեղումների ժամանակ։ Ուֆոլոգի հետազոտությունների համաձայն՝ կյանքի ընթացքում արարածներն ունեցել են փոքր հասակ, մեծ գլուխներ, երեք մատով վերջույթներ և ամուր ոսկորներ, փոխանցում է Shantnews-ը։