Չեմ ուզում մասնակցել Երեւանի քաղաքապետի թեկնածուների բանավեճին մի շարք պատճառներով. Անդրանիկ Թեւանյան
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 14-ին նախատեսված է Երեւանի քաղաքապետի թեկնածուների բանավեճ Հանրային հեռուստատեսությամբ՝ Հ1-ով. Հեռուստատեսությունն արդեն համապատասխան հրավերներն ուղարկել է նաև ինձ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:
Նա նաեւ նշել է. «Ես շնորհակալ եմ այդ հրավերի համար, սակայն չեմ ուզում մասնակցել այդ բանավեճին մի շարք պատճառներով:
1.Բանավեճի ձևն ու կառուցվածքը թույլ չի տալու մեր քաղաքացիներին հասկանալու թեկնածուների ամբողջական ծրագրերն ու առաջարկները, որի արդյունքում այդ ամենը ավելի շատ վերածվելու է շոուատիպ միջոցառման, որին մասնակցելու իմաստ չեմ տեսնում:
Քննարկման օրակարգը չի համապատասխանում Հայաստանի, Արցախի իրական օրակարգին և մեր առաջ ծառացած վտանգավոր մարտահրավերներին, և մարդկանց մոտ կարող է առաջանալ հակառակ արձագանքը, երբ երկրիը կանգնած է պատերազմի շեմին, իսկ քննարկելու ենք, օրինակ, համատիրությունների աշխատանքների որակն ու նպատակահարմարությունը:
Ես ընտրարշավի առաջին օրվանից հայտարարել եմ, որ ավագանու ընտրության մասնակցող ուժերից որևէ մեկին չեմ անդրադառնալու և որևէ 1-ին համարի հետ բանավեճի չեմ մտնելու: Իմ թիրախում Նիկոլ Փաշինյանն է՝ իր վարած հակապետական քաղաքականությամբ: Ու քանի որ Փաշինյանի նշանակած թեկնածուն այդ հարթության վրա չի կարող ներկայացնել իր ղեկավարին, ուստի անիմաստ ժամավաճառությամբ չեմ զբաղվելու:
Հ.Գ.: Հրավիրում եմ մեր քաղաքացիներին սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կայանալիք հանրահավաքին, որին կհաջորդի երթը»: