Որևէ անձ իրավունք չունի ժողովրդի անունից հումանիտար միջանցք պահանջել. Արցախը հումանիտար միջանցքի կարիք չունի. Հակոբյան
Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանի պահանջը համարում եմ անձի պահանջ, որը հումանիտար միջանցք է ուզում, որպեսզի գնա Արցախից: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նշենք՝ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Արցախի նախագահից եւ խորհրդարանի ղեկավարից հումանիտար միջանցք է պահանջել: «Պահանջել եմ՝ անհապաղ ձեռնարկել քայլեր՝ հումանիտար միջանցք տրամադրելու ուղղությամբ։ Այս իրականության պայմաններում որեւէ մեկն իրավունք չունի այլոց տեղը որոշել նրանց ճակատագիրը…»,- գրել է նա:
«Յուրաքանչյուր նման պահանջը դնողը ուզում է գնալ Արցախից: Նա քաղաքացի եւ ուզում է լքել Արցախը, դա իր իրավունքն է: Կարծում եմ՝ այդքան բարձր մակարդակի հանդիպումներ ունենալու անհրաժեշտություն չկար, կարող էր դիմել ռուս խաղաղապահներին կամ ցանկացածին, որ իր համար հումանիտար միջանցք տրամադրեն: Խոսել Արցախի անունից, խոսել այն ժողովրդի անունից, որը 9 ամիս իր երեխային պահել է այս ծանրագույն իրավիճակում: Մեր երեխաներն իրենց բարակած ոտքերով, սեւ ու սպիտակ հագած անձրեւի տակ մի քանի կիլոմետր կտրում ու դպրոց են գնում, եւ այդ որոշումը իր ծնողն ու ինքը կայացրել են եւ որեւէ անձ իրավունք չունի իրենց եւ ժողովրդի անունից պահանջներ դնել: Եթե դա դրսից կառավարվող ինչ-որ նեղ խմբակի ցանկություն է, իրենք կարող են այդ խմբակով ուղղակի լքել Արցախը: Արցախը հումանիտար միջանցքի կարիք չունի, միակ կարիքը Լաչինի միջանցքը բացելն է»,- նշեց Հակոբյանը: