Դա ընտրություն է խաղաղության ու պատերազմի միջև. միացե՛ք, որ փոխեք․ Արեգնազ Մանուկյան
ԱԺ պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթը ՀՀ ԱԺ ամբիոնից․
«Սիրելի՛ երևանցիներ,
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունը սովորական ընտրություն չէ: Դա ընտրություն է խաղաղության ու պատերազմի, արժանապատվության ու անարգանքի, հաղթանակի ու պարտության միջև:
Ընտրությունը տեղի է ունենում մի փուլում, երբ Նիկոլ Փաշինյանի համաձայնության պատճառով պաշարված է Արցախը և հարցականի տակ է հայտնված Հայաստանի գոյությունը:
Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը կանգնեցրել է նոր պատերազմի, նոր կորուստների ու նոր պարտությունների հեռանկարի առաջ: Նա ամեն ինչ անում է, որ փչացնի մեր հարաբերությունները դաշնակիցների հետ, մեզ մենակ թողնի թուրք-ադրբեջանական զույգի առաջ:
Հարց կարող է առաջանալ, թե ինչո՞ւ է նա այդպես վարվում: Պատասխանը հայտնի է՝ ռուս-արևմտյան սուր հակամարտության պայմաններում արևմտյան տերերի պատվերն է կատարվում՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության և մեր քաղաքացիների կյանքի հաշվին:
Դրա դիմաց Փաշինյանը Թուրքիայից ակնկալում է սեփական իշխանության պահպանում ու անձնական անվտանգության երաշխիքներ:
Սա կոչվում է պետական դավաճանությո՛ւն:
Հարգելի՛ քաղաքացիներ,
Երևանի ավագանու ընտրությանը դուք կարող եք ձեր քվեով կանխել երկրին սպառնացող վերահաս վտանգը՝ մերժելով այս իշխանությանը և սատարելով միակ իրական ընդդիմությանը:
Ամբողջ աշխարհը մեզ է հետևելու՝ հասկանալու համար, թե որքա՞ն ենք հանդուրժելու այս պատերազմի ու պարտության իշխանությանը: Բոլորիս ընտրությունից է կախված լինելու մեր երկրի ճակատագիրը:
Իշխող ուժը վերարտադրվելու որևէ շանս չունի: Իրենց հույսն ընտրակեղծիքներն են: Արդեն իսկ արձանագրվել են վարչական ռեսուրսի չարաշահման ու ընտրական օրենսգրքի խախտման աղաղակող դեպքեր:
Կեղծիքները կանխելու և ամբողջական իշխանափոխություն իրականացնելու լավագույն ձևն ընտրություններին ակտիվորեն մասնակցելն է:
Իշխանափոխություն Երևանում, իշխանափոխություն Հայաստանում:
Միացե՛ք, որ փոխեք»: