Իշխանությունն իրականացնում է երկու քաղաքականություն, որոնք սպառնում են հայկական երկու պետությունների գոյությանը. Օհանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հայտարարությունը.
«Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի գործող իշխանությունը, այսպես կոչված «խաղաղության գործընթացի» շղարշի ներքո, իրականացնում է երկու քաղաքականություն, որոնք սպառնում են հայկական երկու պետությունների գոյությանը. 1. Արցախը հայտարարելով Ադրբեջանի մաս՝ հրաժարվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անվտանգության պաշտպանի հանձնառությունից։ 2. Գեներացնում և խրախուսում է հակառուսական տրամադրություններ՝ դրանք ուղեկցելով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական վեկտորը փոխելու կործանարար փորձերով: Այս իշխանությունների կողմից անպատասխանատու վերաբերմունք է ցուցաբերվում այն պատմական պոտենցիալի նկատմամբ, որն առկա է հայ-ռուսական հարաբերություններում:
Փաստ է, որ արցախահայության՝ թեկուզև նվազագույն անվտանգությունն այսօր ապահովում են ՌԴ խաղաղապահները։ Եվ հասարակական-քաղաքական գործընթացներում հակառուսական մանիպուլյացիաները չեն նպաստելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև ծառացած, նախևառաջ՝ անվտանգային խնդիրների լուծմանը։ Հայ ժողովուրդը ծանր, ճակատագրական հարվածներ է ստացել, երբ Հայաստանը վերածվել է գլոբալ աշխարհաքաղաքական ուժերի միջև բախման թատերաբեմի։ Հայաստանում այդ ուժերի միջև բախման նախադրյալների ստեղծումը կամ նրանց միջև հակասությունների խորացումը կործանարար է երկրի համար։ Հարավային Կովկասի անվտանգային ճարտարապետությունը, հաշվի առնելով տարածաշրջանի ժողովուրդների էթնո-կրոնական կազմը, ռեսուրսները, տարանցիկ-հաղորդակցային պոտենցիալը, ինչպես նաև փոխադարձ զսպման ուժերի և միջոցների բաշխումը, պետք է նվազագույնի հասցնի ռազմական գործողությունների ռիսկը։ Առնվազն քաղաքական կարճատեսություն և արկածախնդրություն է կարծել, թե նման անվտանգային ճարտարապետություն կարելի է կերտել առանց Ռուսաստանի մասնակցության։ Հայ ժողովրդի մի էական հատված Արցախյան հակամարտության արդար կարգավորումը և թուրքական երկու հարևան պետությունների հետ խաղաղ համակեցությունը պայմանավորում է Ռուսաստանի ակտիվ ներգրավումով։ Հետևաբար, անհասկանալի և անընդունելի է տարածաշրջանում Ռուսաստանի այսօրվա «չեզոք-կառուցողական միջնորդական» քաղաքականությունը։ Առ այդ՝ Հայաստանի իշխանությունները պարտավոր են ա) վերադառնալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հանձնառությանը, բ) դադարեցնել Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածումն ու խրախուսումը, գ) պատրաստ լինել ինքնուրույն լուծելու երկրի առջև ծառացած խնդիրները՝ մեղքը ուրիշի վրա գցելու փոխարեն։ Հայ ժողովուրդը ի վիճակի է դա անելու։
Կոչ ենք անում Ռուսաստանի իշխանություններին՝ հավատարիմ լինել տարածաշրջանում պատմականորեն ստանձնած անվտանգության հանձնառությանը, գործուն ու արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Քաշաթաղի (Լաչինի) միջանցքով մարդկանց և բեռների անխոչընդոտ երկկողմանի տեղաշարժը»։