Նիդերլանդներում գտել են Վան Գոգի գողացված նկարը
Նիդերլանդների Լարեն քաղաքի «Սինգեր Լարեն» թանգարանից 2020 թ․ մարտին գողացված Վան Գոգի նկարներից մեկը 3,5 տարվա որոնումներից հետո վերադարձվել է։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։
Վան Գոգի վրձնին պատկանող 1884 թ․-ի «Քահանայի գարնանային այգին Նյուենենում» նկարի արժեքը գնահատվում է 3-ից 6 միլիոն եվրո։ Մի տղամարդ նկարը հանձնել է արվեստի գործերի հարցում մասնագիտացած հայտնի խուզարկու Արթուր Բրենդին՝ իր տան դիմաց։
«Ես սա արել եմ Նիդերլանդների ոստիկանության հետ լիարժեք համագործակցությամբ, և մենք գիտեինք, որ այս մարդը գողության մեջ ներգրավված չէ», - ասել է Բրենդը։
Գողանալու պահից սկսած՝ նկարը ձեռքից ձեռք է անցել։ Այնուհետև մի տղամարդ, որը ցանկացել է անհայտ մնալ, Ամստերդամում մոտեցել է Բրենդին և առաջարկել վերադարձնել նկարը՝ լիակատար գաղտնիության դիմաց, քանի որ «նկարը գլխացավանք է դարձել քրեական աշխարհի համար»։