«ՀայաՔվե»-ի շտաբի ղեկավարության ներքո գործում է անկախ դիտորդական առաքելություն
Ինչպես շատերդ գիտեք, մեր «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության մեջ ժամանակավոր դադար է առաջացել, քանի որ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը ողջ սեպտեմբեր ամսվա ընթացքում վերահաշվարկում է նախաձեռնությանը միացած քաղաքացիների ձայները, դրան էլ զուգահեռ մայրաքաղաք Երևանում ավագանու ընտրությունների քարոզարշավ է ընթանում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
Նա նաեւ նշել է. «Այս պայմաններում «Հայաքվե»-ի ղեկավար շտաբը որոշում է ընդունել ի սպաս դնել մեր կազմակերպչական ռեսուրսները և հանրային վստահությունը՝ ապահովելու Երևանի ավագանու ընտրությունների թափանցիկությունը և արդարությունը: Մեր նպատակն է պաշտպանել մեր քաղաքացիների ձայնը, նաև նրանց վստահություն հաղորդել՝ տուրք չտալու հոռետեսությանը, որ իրենց փոխարեն ամեն ինչ որոշված է, մասնակցելու ընտրություններին և սեփական ձայնով ազդելու քաղաքային իշխանության ձևավորման վրա:
Երեկվանից «Հայաքվե»-ի շտաբի ղեկավարության ներքո գործում է անկախ դիտորդական առաքելությունը, այն հասանելի է մեր բոլոր քաղաքացիներին: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են 14 ուժեր, մրցակցությունը ավելի քան թեժ է, և ձեր ձայնը կարող է որոշիչ լինել, իսկ մենք հետամուտ կլինենք, որ այն որևէ կերպ չկեղծվի: Մինչ հանդիպում Երևանի ընտրական տեղամասերում»։