Վաչե Տերտերյանն ընդունել է ՌԴ Կուրսկի նահանգապետի տեղակալ Սերգեյ Ստարոդուբցևի գլխավորած պատվիրակությանը
ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է ՌԴ Կուրսկի նահանգապետի տեղակալ Սերգեյ Ստարոդուբցևի գլխավորած պատվիրակությանը։ Տերտերյանն ընդգծել է, որ ՌԴ Կուրսկի նահանգի ներկայացուցիչների հետ հանդիպումները դարձել են բարի ավանդույթ և հույս է հայտնել, որ Հայաստանի ու Կուրսկի համագործակցությանը նոր խթան կհաղորդվի։
ՏԿԵ նախարարի տեղակալը հատուկ շեշտադրել է Գյումրիում Կուրսկի հրապարակի, Գյումրի-Կուրսկ հուշակոթողի առկայության հանգամանքը։
Վաչե Տերտերյանը նշել է, որ ռուսական ընկերությունները Հայաստանում արդյունավետ աշխատանք են իրականացնում։ Նա հիշեցրել է, որ հոկտեմբերի վերջին տեղի է ունենալու միջտարածաշրջանային ֆորում․ այն ևս մեկ հնարավորություն կլինի երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար։
Կուրսկի նահանգապետի տեղակալն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ հատուկ օպերացիայի արդյունքում Ռուսաստանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի բարեկամն ու դաշնակիցը։
Նա ընդգծել է, որ հայկական սփյուռքի շնորհիվ Կուրսկի նահանգի հետ այժմ կա համագործակցություն մշակույթի, տուրիզմի և բժշկական տուրիզմի ոլորտում և կա միտում ընդլայնել համագործակցությունն այլ ոլորտներում ևս։
Ստարոդուբցևն ընդգծել է, որ Հայաստանը միջանցք է Ռուսաստանի համար այլ երկրների շուկաներ դուրս գալու համար։