Նիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը կմասնակցի ՔՊ-ի երթին ու հանրահավաքին
Հայաստանի վարչապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրը կայանալիք հանրահավաքին, որում նաև ծավալուն ելույթ կունենա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասել է Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում։
Վարչապետն անդրադարձել է շրջանառվող խոսակցություններին, թե ինքը բավարար չափով չի աջակցում իրենց կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին։
«Ես ակտիվորեն սատարում եմ Ավինյանին։ Ցավոք, անվտանգային միջավայրը և օրակարգը շատ ժամանակ է տանում և ավելի շատ ժամանակ է խլում օբյեկտիվորեն։ Ես հիմա խոսում եմ որպես ՔՊ վարչության նախագահ և ուզում եմ արձանագրել, որ այն պահին, երբ մենք որոշել ենք, որ Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետ մեր թեկնածուն է, մենք դրանով արձանագրել ենք, որ աջակցում ենք նրան բոլոր հնարավոր ձևերով։ Ես ինքս եմ կողմ քվեարկել, որ հենց Տիգրան Ավինյանը լինի քաղաքապետի թեկնածու։ Ես տեսել եմ նրա աշխատանքը որպես փոխվարչապետ և վստահ եմ, որ նա կարող է տրամաբանական ավարտին հասցնել այն ծրագրերը, որոնք մեր կուսակցությունն առաջարկում է երևանի բնակիչներին»,- ասել է Փաշինյանը։
Նա հայտնել է, որ առաջիկայում պլանավորում են Երևանում երթ անել, որին կմասնակցեն ամբողջ քաղաքական թիմով։ «Երթը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին, կմեկնարկի Էրեբունի թանգարանի հրապարակից և կուղղորդվի դեպի Երևանի քաղաքապետարան, որտեղ մենք կունենանք եզրափակիչ հանրահավաք։ Այնտեղ ես պլանավորում եմ ծավալուն ելույթ ունենալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։