Ես կանխել եմ հեղաշրջման փորձեր․ Տիգրան Ավինյան
Ես 2020-ի նոյեմբերի 10-ին Արցախից վերադառնալուց հետո կանխում էի խուլիգանական ակցիաները, որոնք տեղի էին ունենում ԱԺ-ում, կառավարությունում. Շատ ակտիվ այդ գործընթացով էի զբաղված, որպեսզի հակաժողովրդավարական ուժերը որեւէ պարագայում հեղաշրջման իրենց փորձերը չկարողանան իրականացնել: Այս մասին Factor TV-ին տված հարցազրույցում նշել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ 202-ին ինքը չի մասնակցել խորհրդարանական ընտրություններին, քանի որ վստահ չի եղել, որ ՔՊ-ն կընտրվի, եւ չի ցանկացել ասոցացվել նրանց հետ:
«Այդ ժամանակ կանխվեցին հեղաշրջման փորձերը, եւ այդտեղ ինձ մեղադրել, որ ես ինչ-որ տեղ պատասխանատվությունից խուսափել եմ... այո, մենք ունեցել ենք մեր թիմի հետ տարաձայնություններ, որոնց մասին ես հանրայնորեն խոսել եմ, բայց աջակցել եմ եւ 2020-ի նոյեմբերին, եւ 2021-ի ընտրություններին, ես ջանք ու եռանդ չեմ խնայել, որ հակաժողովրդավարական ուժերը որեւէ շանս չունենան գալու իշխանության Հայաստանում»,-ասաց Ավինյանը:
Հարցին, թե տարաձայնությունները կապված էին նրա հետ, որ ՔՊ-ի ցուցակում ընդգրկվել են գործարարներ Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյա՞նը, նա պատասխանեց. «Այո, ես վստահ եմ, որ այն սկզբունքները, որոնք ներդրված են եղել 2018 թվականի հեղափոխության հենքում, դրանք պետք է պահպանվեն մինչեւ վերջ»: