Բաքուն Արգենտինայի դեսպանին կանչել է ԱԳՆ և բողոքի նոտա հղել՝ Արցախի մասին նախագահ Ֆերնանդեսի հայտարարությունների համար
Բաքվում Արգենտինայի դեսպան Մարիանխելես Բելուշին կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, գրում են տեղական լրատվամիջոցները։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում Արգենտինայի դեսպանին բողոքի նոտա է փոխանցվել այն պատճառով, որ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը 2023 թվականի սեպտեմբերի 10-ին Նյու Դելիում G20 գագաթնաժողովի ժամանակ խոսել է Բաքվի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման մասին։
«Դեսպանին ափսոսանք են հայտնել նման անհիմն կարծիքներ արտահայտելու համար՝ հիմնված Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ իրականացվող զրպարտչական արշավի վրա, որը խեղաթյուրում է տարածաշրջանի իրողությունները և ներառում տերմինաբանություն Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվել է նաև, որ Արցախում, իբր, հումանիտար ճգնաժամ չկա։ «Արգենտինական կողմի ուշադրությունն է հրավիրվել այն բանի վրա, որ կարևոր է զերծ մնալ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված հայտարարություններից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանն անդրադարձել էր սեպտեմբերի 9-ին՝ Նյու Դելիում G20-ի անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների 18-րդ գագաթնաժողովի առաջին լիագումար նիստում ունեցած իր ելույթում։
«Այն ժամանակ, երբ Արևելյան Եվրոպան պատերազմի մեջ է, կան նաև դաժան հակամարտություններ, որոնք ավելի քիչ հանրային ուշադրություն են գրավում, բայց նույնքան ցավոտ են, օրինակ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը հումանիտար ճգնաժամ է առաջացնում։
Արգենտինան վերահաստատում է իր հավատարմությունը բազմակողմանիությանը՝ որպես միջազգային փոխըմբռնման բարձրագույն մեթոդի»,- ասել էր Ֆերնանդեսը: