Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, թե «ԼՂ-ն Ադրբեջանի մաս է»
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, թե «ԼՂ-ն Ադրբեջանի մաս է»։ Այս մասին տեղեկանում ենք «Tasnimnews»-ից;
Աղբյուրի փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանն ուշադիր հետևում է Կովկասում տիրող իրավիճակին և կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ ապահովելու խաղաղություն և անվտանգություն։ Նա հայտարարել է՝ հայաստանցի պաշտոնյաներն ահազանգում են ռազմական բախումների հնարավորության մասին, բայց ադրբեջանցի պաշտոնյաները հաղորդում են, որ իրենք Հայաստանի հետ բախման մտադրություն չունեն։ Ըստ նրա՝ ձմռան ընդաաջ զորքերի տեղակայումը որակել է որպես «սովորական ռազմական գործողություն»։
«Իրանը լրջորեն հետևում է զարգացումներին։ Մենք երաշխավորում ենք, որ Իրանի սահմաններն ապահով են, և մենք աջակցում ենք սահմանների անվտանգությանը»,-ասել է Քանանին։
Անդրադառնալով ԼՂ հարցում Իրանի դիրքորոշմանը, ապա ԱԳՆ խոսնակն ասել է․
«ԼՂ-ն Ադրբեջանի մաս է։ Այդ տարածաշրջանի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները պետք է որոշվեն հստակ մեխանիզմով: Սա մեր պաշտոնական դիրքորոշումն է: Իրանը միշտ ընդգծել է երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությունը և միշտ դեմ է արտահայտվել միջազգայնորեն որոշված սահմանների ցանկացած փոփոխությանը»։
Քանանին նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելը կարևոր քայլ կլինի կայուն խաղաղության ու անվտանգության հասնելու համար:
«Մենք չենք աջակցում ցանկացած գործողություն, որը կարող է ստվերել այս սկզբունքները», - ընդգծել է նա։