Կարգավորումը չի ենթադրելու, որ վրացական համարանիշներով մեքենաները պետք է պարտադիր մաքսազերծվեն. ՊԵԿ փոխնախագահ
Վրացական համարանիշներով ավտոմեքենաների հետ կապված լուրջ անհանգստություն կա մեր հասարակության մեջ. մարդիկ տասնյակ հազարներով մեքենաներ են ներմուծել Հայաստան, եւ իրենց մոտ լուրջ անհանգստություն կա: Այս մասիօն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Աժ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Մասնավորապես, օրերս տեղեկություն ստացանք, որ ՊԵԿ-ը նոր օրենսդրական նախաձեռնություն է ուզում մտցնել, որով մարդիկ, որոնք վրացական համարանիշներով մեքենաները շահագործում են Հայաստանի տարածքում, պետք է հիմա մաքսազերծեն այդ մեքենաները»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորը հավելեց, որ եթե վարորդներին ստիպեն մաքսազերծել այդ մեքենաները, նրանք ստիպված են լինելու այդ մեքենաները տանել Վրաստան եւ այնտեղ կես գնով վաճառել:
Ի պատասխան ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանն ասաց. «հարցը վերաբերում է այն թեթեւ մարդատար ավտոմեքենաներին, որոնք ժամանակավոր՝ մեկ տարով, ներմուծվում են Հայաստան: Ժամանակավոր ներմուծման պայման է հանդիսանում նաեւ նախապես ապահովում ներկայացնելը: Քանի որ մեկ տարին անցնելուց հետո այդ մեքենաները շարունակում են մնալ Հայաստանում, կառավարությունում քննարկվում է հարցի լուծման մի շարք տարբերակներ: Դա ոչ թե վերաբերելու է այն մեքենաներին, որոնք ներմուծվել են եւ պետք է պարտադիր մաքսազերծվեն, այլ ՊԵԿ-ի առաջարկն է այդ ապահովագրական ծածկույթը որպես ապահովում ներկայացնելու փոխարեն, կանխիկ գումարով դեպոզիտ ներկայացնել: Սա է եղել կարգավորումը, հարցը քննարկման փուլում է»:
ՊԵԿ փոխնախգահը նաեւ նկատեց. «Ի՞նչ է ստացվում, ներմուծվում են մեքենաներ, որոնց համար գույքահարկը ՀՀ-ում չի վճարվում, բնապահպանական հարկը չի վճարվում, այդ մեքենաների համար ներկայացվում է միայն ապահովագրական ծածկույթի տեսքով ապահովում եւ մեքենաները շարունակում են վարել Հայաստանում: Այս վիճակը կարգավորման կարիք ունի»: