Ավստրիայի կանցլերը դեմ է հանդես եկել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների վերսկսմանը
Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը դեմ է հանդես եկել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների վերսկսմանը եւ իշխանություններին կոչ է արել մշակել Անկարայի հետ Բրյուսելի համագործակցության նոր ձեւաչափ։ Այս մասին նա ասել է Die Welt թերթի հարցազրույցում։
«Մենք կողմ ենք Անկարայի եւ Բրյուսելի հետագա մերձեցմանը, բայց ԵՄ-ին Թուրքիայի լիարժեք անդամակցությունը մեզ հնարավոր չի թվում,- ասել է Նեհամերը։- Կարեւոր է, որպեսզի մենք անկեղծ լինենք միմյանց հանդեպ, իսկ դա ներառում է նաեւ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների պաշտոնական դադարեցում, որոնք սառեցվել են երկար տարիներ, եւ հարեւանների համագործակցության նոր հայեցակարգի մշակում»։
Այս համատեքստում կանցլերն առաջարկել է ստեղծել նոր գործընկերություն ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ՝ հիմնված «փոխադարձ վստահության եւ տնտեսական ու քաղաքական հարցերում համագործակցության վրա»։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը ԵՄ-ին կոչ էր արել հավանություն տալ հանրապետության անդամակցության հայտին, քանի դեռ նման հնարավորություն կա։
Վիլնյուսում ՆԱՏՕ հուլիսյան գագաթաժողովում Թուրքիան հայտարարել էր, որ պատրաստ է աջակցել դաշինքին Շվեդիայի անդամակցությանը՝ Եվրամիության հետ Անկարայի բանակցություններում պատնեշները հանելու, մաքսային միության շրջանակում համագործակցությունը խորացնելու եւ վիզային ռեժիմն ազատականացնելու դիմաց։ Այդ ժամանակ էլ ձեռք էր բերվել պայմանավորվածություն ԵՄ-ի հետ ճանապարհային քարտեզի թարմացման մասին մաքսային միության շրջանակում։
ԵՄ-ի հետ Թուրքիայի բանակցությունները միջազգային կազմակերպությանն անդամակցելու մասին պաշտոնապես սկսվել են 2005թ.։ Ներկա պահին լուծված չեն այսպես կոչված բանակցային թղթապանակի 35 կետերից 16-ը, քանի որ կողմերը չեն կարողանում համաձայնեցնել այնպիսի հարցեր, ինչպիսին է կիպրոսյան խնդիրը։