Այս տարի 200-ից ավելի բակեր են կառուցում, սա աննախադեպ քանակ է. Ավինյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր արաբկիրցիների հետ հանդիպումը սկսեց մի բակից, որտեղ ամիսներ առաջ ավտոտնակներ էին, իսկ հիմա դրանց տեղում` երեխաների համար խաղահրապարակ:
«Այս տարի 200-ից ավելի բակեր են կառուցում, սա աննախադեպ քանակ է»,- հպարտացավ քաղաքապետի թեկնածուն:
Նա գովեց նաեւ վարչական շրջանների ղեկավարներին` նրանց վերջին մեկ տարվա աշխատանքը համարելով արդյունավետ. «Նրանք օր ու գիշեր աշխատել են, աշխատել են ձեզ հետ, լսել են ձեր պահանջները, ես էլ նրանց հետ այցելել եմ բոլոր թաղամասերը»:
Բարձրահարկ շենքի նկուղի բարեկարգման, բակի լուսավորության ապահովման ու ասֆալտի խնդիրներով մի քաղաքացի մոտեցավ Ավինյանին, իր պահանջներն ու ցանկությունները գրավոր փոխանցեց նրան ու խոստովանեց, որ հեղափոխության կողքին կանգնած է, արժանացավ Ավինյանի «ապրեսին» ու հեռացավ: