Բուդանովը հայտարարել է հակահարձակումը շարունակելու մասին՝ չնայած առաջիկա ցուրտ եղանակին
Ուկրաինայի հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ Ուկրաինայի հակահարձակումը ռուսաստանյան զորքերի դեմ կշարունակվի՝ չնայած առաջիկա ցուրտ ու խոնավ եղանակին, հայտնում է Reuters-ը։
Հակահարձակումն արդեն վերագրավել է մի քանի գյուղ, սակայն ականապատ դաշտերի և խրամատավորված ռուսաստանյան զորքերի պատճառով դժվարությունների է հանդիպում, ասել է Բուդանովը։
Մտահոգություններ են եղել, որ Արևմուտքը կարող է դժվարանալ պահպանել ռազմական օգնության մակարդակը, որն անհրաժեշտ է Ուկրաինայի հակահարձակմանն աջակցելու համար: Արևմուտքը միլիարդավոր դոլարների տեխնիկա է տրամադրել և պատրաստել ուկրաինական մարտիկների, սակայն դանդաղ առաջխաղացումը կասկածներ է առաջացրել աջակցության նույն ինտենսիվությունը պահպանելու հնարավորության վերաբերյալ, նշում է լրատվամիջոցը։
Ուկրաինայի ռազմական հետախուզության գործակալության աշխատակից Վադիմ Սկիբիցկին նշել է, որ ներկայումս Ուկրաինայի տարածքում 420 հազ․ ռուսաստանցի զինվորական կա։ Հակահարձակումը կենտրոնացած է Զապորոժիեի շրջանում և նպատակ ունի կիսել ռուսաստանյան ուժերը հարավում, թեև առաջընթացը ցանկալիից դանդաղ է եղել: Ռուսական ականների և անօդաչու սարքերի առկայությունը ավելի է բարդացրել Ուկրաինայի առաջխաղացումը։