Դաշնակցությունն իր ողջ կարողականությամբ մշտապես արցախահայության կողքին է. ՀՅԴ Բյուրո
Այս ճակատագրական օրերին Արցախի ղեկավարությունը ստանձնելու հանձնառությունը հարգանքի եւ դրվատանքի արժանի քայլ է։ Լիահույս ենք, որ պարոն Շահրամանյանը կկարողանա փոխգործակցության ու միասնականության մթնոլորտ ձեւավորել Արցախի պետական կառավարման համակարգում եւ համահայկական զորակցությամբ առաջնորդել արցախահայության ազատության պայքարը։ Այս մասին ասվում է ՀՅԴ Բյուրոյի տարածած հայտարարությունում:
«Հակառակ սպառնալիքներին ու սադրանքի փորձերին` գոհունակությամբ արձանագրում ենք, որ Արցախում պետության ղեկավարի ընտրությունը տեղի ունեցավ սահմանված ընթացակարգերին համապատասխան, ինչն Արցախի սուբյեկտայնության եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու կարեւոր ցուցիչ է։
Իբրեւ արցախահայության ներկայացուցչական բարձրագույն մարմին Արցախի խորհրդարանն իր բարձրության վրա գտնվեց եւ կարողացավ պատասխանատու որոշում կայացնել, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք թե՛ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ պարոն Սամվել Շահրամանյանին, թե՛ խորհրդարանական ուժերին։
Այս ճակատագրական օրերին Արցախի ղեկավարությունը ստանձնելու հանձնառությունը հարգանքի եւ դրվատանքի արժանի քայլ է։ Լիահույս ենք, որ պարոն Շահրամանյանը կկարողանա փոխգործակցության ու միասնականության մթնոլորտ ձեւավորել Արցախի պետական կառավարման համակարգում եւ համահայկական զորակցությամբ առաջնորդել արցախահայության ազատության պայքարը։
Արցախը հայկական պահելու, արցախահայության ինքնորոշման իրավունքը անվերապահորեն իրացնելու այդ պայքարում Հ.Յ. Դաշնակցությունն իր ողջ կարողականությամբ մշտապես Արցախի պետականության եւ արցախահայության կողքին է»։