«Սևան» ազգային պարկում այս տարի կնքվել է ներդրումային 7 պայմանագիր
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են․
««Սևան» ազգային պարկում այս տարի կնքվել է ներդրումային 7 պայմանագիր. առաջնային նախապայման է բնապահպանական նորմերի խստիվ պահպանումը
Էական փոփոխություններ են կատարվել բնության հատուկ պահպանվող տարածքներում վարձակալության տրամադրման պայմաններում։ Մրցույթները դարձել են ավելի թափանցիկ, բայց և ավելի խիստ։
Նախկինում գործող պայմաններում խիստ պահանջներ առկա չէին, դրա արդյունքում ներդրումային ծրագիր ներկայացրած տնտեսվարողները տարիներ շարունակ պարապուրդի էին մատնում տարածքները՝ չբարեկարգելով և չզարգացնելով դրանք։
Այժմ հաղթող ճանաչվող ծրագրերը պետք է ունենան կառուցապատման ու գործունեության մեկնարկի ժամկետներ, ըստ տարիների ներդրման բաշխվածություն, պարտադիր է ջրօգտագործման թույլտվության առկայությունը, բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը, կեղտաջրերի լոկալ մաքրման կայանների (այդ թվում՝ սեպտիկ հորեր) տեղադրումը, սանհանգույցների առկայությունը, տարածքի սանիտարահիգենիկ պայմանների ապահովումը և այլն։
Փոխվել են նաև տարածքների վարձակալության մեկնարկային գները․ նախկինում դրանք խիստ անհամաչափ էին Սևանի բնապահպանական նշանակության հետ։
Այս ուղղությամբ բարեփոխումները շարունակական են»։