Ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ
Սեպտեմբերի 9-ին լրատվական կայքերից մեկում հրապարակվել է «700-ից ավելի ոստիկան կասկածվում է թմրանյութից կախվածության մեջ» վերտառությամբ հոդված, որում նշվում է, թե ոստիկանները պետք է փորձաքննություն անցնեն առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում: Այս առիթով ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ․
«ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների նկատմամբ իրականացվող թմրամիջոցի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի օգտագործման վերաբերյալ ստուգումը պայմանավորված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացով։ Մասնավորապես, այն իրավական պահանջ է, որն ամրագրված է ՀՀ կառավարության 2023 թ.հունիսի 1-ի թիվ 892-Ն որոշմամբ։
Համաձայն նշված որոշման՝ ոստիկանության ծառայողին ատեստավորման գործընթացին թույլատրվում է մասնակցել միայն թմրամիջոցի և հոգեմետ (հոգեներգործուն) նյութի օգտագործման վերաբերյալ ստուգման բացասական պատասխանից հետո: Հետևապես, անկախ կասկածի առկայությունից կամ բացակայությունից, բոլոր ոստիկանները մինչև ատեստացիայի բուն գործընթացը, պետք է անցնեն վերոնշյալ ստուգումը»: