Միրզոյանի այցն ԱՄԷ նշանավորվել է երկու երկրների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման արձանագրությամբ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն ԱՄԷ նշանավորվել է Հայաստան Հանրապետության և Արաբական Միացյալ էմիրությունների քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրության ստորագրությամբ: Այդ մասին ասված է ՀՀ ԱԳՆ Ֆեյսբուքի էջում:
«Մինչ այս մուտքի արտոնագրի ազատականացման ռեժիմը գործում էր միայն դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, իսկ նշյալ արձանագրությամբ ազատման պահանջը տարածվում է նաև սովորական անձնագիր ունեցող քաղաքացիների համար։
Արձանագրությունն ուժի մեջ կմտնի երկու երկրների կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո»,- նշված է գրառման մեջ: