Արցախն այս օրերին հասել է այնպիսի համաձայնության ու համախմբվածության, որին սպասում է հայ ժողովուրդը․ Գեղամ Ստեփանյան
Արցախի Հանրապետության հանդեպ սանձազերծված ագրեսիան շարունակվում է, և ամեն օր մեր ժողովուրդը բախվում է նոր սպառնալիքների ու նոր փորձության, Արցախի Աժ հատուկ նիստին իր ելույթի ժամանակ ասել է «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը։
«Նման պայմաններում մեր գլխավոր խնդիրը պետական համակարգն ամուր պահելն է, որովհետև, եթե հետևել եք, կհամաձայնեք իմ տեսակետի հետ, որ մեր հակառակորդների թիրախում 2020թ. նոյեմբերից հետո Արցախի Հանրապետության պետական ինստիտուտներն են՝ անվտանգության, քաղաքական ու տնտեսական ոլորտները համակարգող կառույցները և դրանց գործառույթների սահմանափակումը,-նշել է նա:
Ստեփանյանի գնահատմամբ՝ Արցախն այս օրերին բացառիկ հնարավորություն է ունեցել հասնելու այնպիսի համաձայնության ու համախմբվածության, որին սպասում է հայ ժողովուրդը, իսկ Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունը կուսակցական ու հատվածական շահերից վեր է, առաջնայինը ազգային ու պետական շահով առաջնորդվելու մոտեցումն է։
Հիշեցնենք՝ Արցախի ազգային ժողովն այսօր քվեարկությամբ Սամվել Շահրամանյանին ընտրել է Արցախի նախագահ։
«Արցախի ժողովրդավարական կուսակցության» խմբակցությունը կողմ է քվեարկել Սամվել Շահրամանյանի թեկնածությանը։
Երդմնակալության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 10 -ին՝ ԱԺ հատուկ նիստի ժամանակ։