Մարոկկոյում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 820-ի
Մարոկկոյում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 820-ի, ևս 672 մարդ վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով ներքին գործերի նախարարության տվյալները:
Ավելի վաղ Ալ-Արաբիա հեռուստաալիքը, վկայակոչելով թագավորության Ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի բաժնի ղեկավար Նասեր Ջաբուրին, հայտնել էր, որ Մարոկկոյում տեղի ունեցած երկրաշարժը վերջին 100 տարվա ընթացքում ամենաավերիչն է:
«Երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը 820 է, ևս 672 մարդ վիրավորվել է», - ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ տուժածների թվում 205 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Ֆրանսիան և Իսրայելը հայտարարել են, որ պատրաստ են առաջին օգնություն ցուցաբերել Մարոկկոյին։ Եվրամիությունը հայտնել է, որ ուշադիր հետևում է իրավիճակին և պատրաստ է անհրաժեշտ օգնություն տրամադրել տարերքի հետևանքների վերացման համար:
Ավելի վաղ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնել էր, որ սեպտեմբերի 9-ին` Երևանի ժամանակով 02։11–ին, 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մարոկկոյում՝ Մարաքեշից 80 կմ հեռավորության վրա: Մարոկկոյի ազգային երկրաֆիզիկական ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7 բալ: