Միքայել Բադալյանն ու Աշոտ Գևորգյանը վկայի կարգավիճակ ունեն․ ձերբակալության իրավաչափությունը բողոքարկվելու է դատարանում
Sputnik Արմենիա ռադիոկայանի «Մենք» հաղորդաշարի հեղինակ Աշոտ Գևորգյանը և ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը այս պահին ունեն վկայի կարգավիճակ, Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է նրանց փաստաբան Լիանա Գրիգորյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, առերևույթ հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով 2023թ. սեպտեմբերի 6-ին և 7-ին 7 անձ Սյունիքի մարզում ձերբակալվել և ներկայացվել էին վարույթն իրականացնող մարմնին: Նրանց թվում էին Աշոտ Գևորգյանն ու ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանը։ Երեկ ուշ երեկոյան նրանք ազատ են արձակվել:
«Եթե անհրաժեշտություն առաջանա, ապա նրանք որպես վկա կհրավիրվեն հարցաքննության, եթե ոչ, ապա կսպասենք հետագա զարգացումներին։ Ո՛չ խափանման միջոց, ո՛չ էլ հեռանալու մասին արգելք նրանք նկատմամբ ընտրված չէ»,– նշել է փաստաբանը։
Գրիգորյանը տեղեկացրել է նաև, որ ձերբակալության իրավաչափության վերաբերյալ այս պահին բողոք է ներկայացվել Սյունիքի ընդհանուր իրավասության դատարան։
Աշոտ Գևորգյանի մասով սեպտեմբերի 12–ին արդեն իսկ նշանակվել է դատական նիստ։