Հույս ունենք, որ Ձեր աշխատանքը կլինի բեղմնավոր՝ ի շահ Արցախի և հայ ժողովրդի․ Դավիթ Իշխանյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության նախագահին
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը շնորհավորել է Սամվել Շահրամանյանին՝ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ․
Նախքան շնորհավորանքներս, մի քանի անդրադարձ այստեղ հնչած ելույթներին և տեսակետներին․ Պարզապես չէի կարող անտարբեր լինել և անմասն մնալ:
Գիտեք, սպորտում կա քաշային կարգ հասկացողություն: Ես կարծում եմ նաև քաղաքականության մեջ, ինչպես նաև կյանքում կա քաշային կարգ հասկացողությունը: Այս առումով, կարծում եմ մեզանից յուրաքանչյուրը պետք է կարողանա խորությամբ ընկալի այդ հասկացողությունը: Երբ որ խոսում ենք տեսակետների, որոշումների մասին պետք է հստակ կարողանանք ամրագրել և արձանագրել, որ մեկն է տեսակետ, որ մեկն է որոշում:
Երբ որ խոսում ենք այս կարգի քաղաքական տերմինների մասին, նաև պետք է կարողանանք տարբերակել ռազմավարությունը և մարտավարությունը: Եվ մեզանից յուրաքանչյուրը իր մեջ պետք է ունենա ռազմավարական մտածելակերպ, ինչու չէ նաև մարտավարական համապատասխան մոտեցումներով:
Նաև կա նպատակի, միջոցի հասկացողություն: Ես ուզում եմ, որպեսզի մեզանից յուրաքանչյուրը առաջնորդվի հենց այդ մոտեցումներով և կարողանա զանազանել՝ որն է նպատակը, որը` միջոցը: Կարծում եմ՝ այս բոլոր ձևակերպումներն ու թեզերը օգտակար կլինեն նորընտիր նախագահին:
Ուզում եմ առիթից օգտվել՝ շնորհավորելու նաև մեր ժողովրդի անունից, բոլորիս անունից:
Բոլորս գիտակցում ենք, թե ինչպիսի ծանր պատասխանատու շրջանում և ինչպիսի ծանր որոշում է կայացրել հենց ինքը` Սամվել Սերգեյի Շահրամանյանը: Եվ այդ որոշումը կրելու պատասխանատվությունը, կարծում եմ, մեզանից յուրաքանչյուրինն է՝ թե´ կողմ և թե դեմ քվեարկած կամ քվեարկությանը չմասնակցած, և նաև մեր հասարակությանը, որովհետև մեր այսօրվա վիճակը այնպիսինն է, որ յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր ժամ կարող է մեզ համար ճակատագրական լինել: Ես կարծում եմ այսօր մենք մեր առաքելությունը ավարտեցինքայս ճակատագրական պահին ճակատագրական որոշումով: Մեկ անգամ ևս շնորհավորանքներ, Սամվե՛լ Սերգեյի։
Հույս ունենք, որ Ձեր աշխատանքը կլինի բեղմնավոր, ինչպես Դուք եք նշել՝ ի շահ Արցախի Հանրապետության, ի շահ Արցախի և հայ ժողովրդի։
Շնորհավորում եմ»: