ԵՄ-ն չի ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որի շրջանակներում անցկացվել է Արցախի նախագահի ընտրությունը
Եվրամիությունը հայտարարել է, որ չի ճանաչում իրավական շրջանակը, որում անցկացվել են Արցախի նախագահի ընտրությունները, սակայն Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է համախմբվեն ղեկավարության շուրջ, որը պատրաստակամ է բանակցել Ադրբեջանի հետ:
Այս մասին հայտարարություն է տարածել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը:
«Չենք ճանաչում սահմանադրական և իրավական շրջանակը, որում անցկացվել են ընտրությունները։ Միևնույն ժամանակ ԵՄ-ն կարծում է, որ Ղարաբաղի հայերի համար կարևոր է համախմբվել դե ֆակտո ղեկավարության շուրջ, որը կարող է և ցանկանում է ներգրավվել Բաքվի հետ արդյունքների վրա հիմնված քննարկումներում»,-ասված է հայտարարությունում:
ԵՄ-ից վստահեցրել են, որ հանձնառու են աջակցել այս գործընթացին:
Հիշեցնենք՝ Արցախի ազգային ժողովն այսօր քվեարկությամբ Սամվել Շահրամանյանին ընտրել է Արցախի նախագահ։
Երդմնակալության արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 10 -ին՝ ԱԺ հատուկ նիստի ժամանակ։