Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով․ ԱՀ նախագահ
Սեպտեմբերի 9-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ հատուկ նիստ, որտեղ Արցախի Հանրապետության նախագահ է ընտրվել Սամվել Շահրամանյանը: Հայտնում են ԱՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Արցախի Հանրապետության Սահմանադրության 168.1 հոդվածի, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1 հոդվածի համաձայն հատուկ նիստ է հրավիրվել Հանրապետության նախագահի ընտրության հարցով: Այն վարել է ԱՀ ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը: Նա տեղեկացրել է, որ սահմանված կարգով և ժամկետում խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔՄԴ»,«Արդարություն», «Հայ Հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունների կողմից հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրվել Սամվել Սերգեյի Շահրամանյանը:
Ելույթ են ունեցել թեկնածու առաջադրած խմբակցությունների ղեկավարները:
«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրությունը և նշել է, որ այդ որոշմանն են հանգել թեկնածուի հետ հանդիպումից ու նրա ծրագրին ծանոթանալուց հետո:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը երկրի ղեկավարի համար առանձնացնելով որոշում կայացնելու ընդունակությունը, ազնվությունը, պարկեշտությունն ու պետական համակարգի փորձը՝ նշել է, որ Սամվել Շահրամանյանը այդ հատկանիշների կրողն է:
«Դաշնակցությունը կիսում է նրա տեսլականը Արցախի ապագայի վերաբերյալ»,- ասել է Մոսիյանը:
«Մեր խնդիրը պետական համակարգը ամուր պահելն է»,- իր ելույթում ասել է «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ այս օրերին համախմբվելու բացառիկ հնարավորություն ունենք: Նա կուսակցական ու հատվածային շահերից վեր կանգնելու կոչ է արել:
Հարցադրումներով հանդես են եկել պատգամավորներ Արամայիս Աղաբեկյանն ու Կարեն Հովհաննիսյանը:
Այնուհետև ելույթ է ունեցել նախագահի թեկնածու Սամվել Շահրամանյանը:Նա կարևորել է նախագահի ինստիտուտը առկա մարտահրավերներին դիմագրավելու տեսանկյունից ու երկրի ղեկավարի հատկանիշներից ընդգծել է իրականության սթափ գնահատումն ու պատրանքներից զերծ մնալը:
Ծրագրային դրույթներից թեկնածուն առանձնացրել է պետականության ամրապնդումը, ներքին կայունության հաստատումը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը, ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, օրինականության ու կարգ ու կանոնի հաստատումը: Սամվել Շահրամանյանն անդրադարձել է տարածաշրջանային մարտահրավերներին, Ադրբեջանի վարած քաղաքականությանը, Արցախ-Հայաստան հարաբերություններին:
«Լեռնային Ղարաբաղը պիտի կարգավիճակ ստանա, Հայաստանի հետ ուղիղ կապ պետք է ունենանք Լաչինի միջանցքով, այլ ճանապարհներ կարող են գործարկվել, սակայն դրանք չպետք է փոխարինեն միջանցքին:
Բանակցություններ պետք է լինեն, ձևաչափը կարող է լինել ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ՝ երրորդ կողմի երաշխավորությամբ, Ստեփանակերտը պետք է լինի բանակցությունների սուբյեկտ», -ասել է նախագահի թեկնածուն:
Նա խոսել է պետականության հիմքերը խարխլող քայլերի դեմ անհաշտ պայքար մղելու, Արցախը հայկական պահելու գործում բոլոր ուժերը կոնսոլիդացնելու անհրաժեշտության մասին:
Ելույթից հետո նախագահի թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցադրումներին:
Մտքերի փոխանակման ժամանակ ելույթ է ունեցել «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը: Նա անդրադարձել է խորհրդարանի երկրորդ ուժի թեկնածու Սամվել Բաբայանի ընտրական իրավունքի իրացման խոչընդոտներին, նշել է, որ իշխանության վերարտադրման գործընթաց է տեսնում ու հայտարարել է, որ «Միասնական հայրենիք» խմբակցությունը քվեարկությանը չմասնակցելու որոշում է կայացրել:
Եզրափակիչ ելութում Սամվել Շահրամանյանը պատգամավորին խղճով ու համոզմունքով քվեարկելու կոչով է դիմել:
Փակ գաղտնի քվեարկությամբ՝ 22 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Սամվել Շահրամանյանը ընտրվել է Արցախի Հանրապետության նախագահ:
Նորընտիր նախագահին շնորհավորել է Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը: Նա ողջունել է այս պատասխանատու շրջանում կայացրած որոշումը ՝այն ճակատագրական որակելով:
Սամվել Շահրամանյանը բոլորին շնորհակալություն է հայտնել և վստահության մթնոլորտում փոխգործակցելու պատրաստակամություն հայտնել: