Նյու Դելիում մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը
Այսօր Նյու Դելիում մեկնարկել է G20-ի գագաթնաժողովը: Այն կտևի մինչև սեպտեմբերի 10-ը: Միջոցառմանը հրավիրված են G20-ի բոլոր երկրների ու ևս ինը պետության ղեկավար՝ Բանգլադեշի, Եգիպտոսի, Իսպանիայի, Մավրիկիոսի, Նիգերիայի, Նիդերլանդների, ԱՄԷ-ի, Օմանի և Սինգապուրի:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին գագաթնաժողովին հրավիրել է նաև Աֆրիկյան միության նախագահ, Կոմորյան կղզիների նախագահ Ազալի Ասումանիին: G20-ի գագաթնաժողովի ավարտից հետո Աֆրիկյան միությունը կընդգրկվի միավորման կազմում:
Գագաթնաժողովին չեն մասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։ Փոխարենը G20-ին է ժամանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, իսկ ՉԺՀ պատվիրակությունը գլխավորում է Պետխորհրդի նախագահ, վարչապետ Լի Ցյանը։
Հատկանշական է նաև, որ Նարդենդրա Մոդիի առջև դրված ցուցանակի վրա որպես երկրի անուն արդեն նշված է Բհարաթ՝ Հնդկաստանի կամ Ինդիայի փոխարեն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոդիի կառավարությունը ցանկանում է երկրի միջազգայնորեն ընդունված Ինդիա անունը փոխել սանսկրիտով ինքնանվանում համարվող Բհարաթի: